Ջոզեֆ Բորել.- Պետք է խուսափել տարածաշրջանային հակամարտության մեջ Լիբանանի ներգրավումից
Ջոզեֆ Բորել.- Պետք է խուսափել տարածաշրջանային հակամարտության մեջ Լիբանանի ներգրավումից

Անհրաժեշտ է կանխել Լիբանանի ներգրավումը տարածաշրջանային հակամարտությունում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը Լիբանան կատարած այցի ժամանակ։

Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի եւ Լիբանանի սահմանին երկկողմանի կրակի սրման կապակցությամբ։

«Անհրաժեշտ է խուսափել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային էսկալացիայից։ Բացարձակապես անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանային հակամարտությունում Լիբանանի ներգրավումից»,- ասել է Բորելը։

Այսօր Լիբանանից Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել։ Հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորումը։ Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ դա նախնական պատասխանն է անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրիի սպանությանը:

ԵՄ բարձրագույն ներկայացուցչի խոսքով՝ ինքը կարծում է, որ դիվանագիտությունը կարող է հաղթել։

«Ես այս ուղերձն եմ ուղարկում նաև Իսրայելին՝ ոչ ոք չի շահի տարածաշրջանային հակամարտությունից», – ասել է Բորելը։

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը ջանք չի խնայի երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծումն իրականություն դարձնելու համար։

«Նույնիսկ պատերազմն ունի օրենքներ, և կա միջազգային մարդասիրական իրավունք, որը պետք է հարգվի։ Ինչպես բազմիցս ասել եմ, մի սարսափը չի արդարացնում մյուսին։ Մենք պետք է հասկանանք, որ միայն խաղաղությունը կարող է անվտանգություն բերել Մերձավոր Արեւելքին»,- ասել է Բորելը։