Ջոզեֆ Բորել. Մոսկվան կարող է հերթական խոշոր հարձակումն իրականացնել Ուկրաինայի վրա մարտին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Մոսկվան կարող է հերթական խոշոր հարձակումն իրականացնել Ուկրաինայի վրա մարտին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո։
Ինչպես նշել է Բորելը, Ուկրաինա կատարած այցի ժամանակ նա տեսել է, որ մարդիկ վճռական են կռիվը շարունակելու հարցում, և ի տարբերություն ռուս զինվորների, ուկրաինացիները գիտեն, թե ինչի համար են կռվում, բավական մոտիվացիա ունեն։
«Սակայն նրանք չեն կարող դա անել առանց մեր աջակցության, որը պետք է շտապ ավելացնել։ Այն, ինչ կանեն Եվրամիությունը և նրա անդամ երկրները առաջիկա ամիսներին՝ Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ գործիքներ տրամադրելու համար, որոշիչ կլինի Ուկրաինայի և Եվրամիության անվտանգության համար»,- ասել է Բորելը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահը նաև կոչ է արել ԵՄ անդամ երկրներին համագործակցել պաշտպանական ընկերությունների հետ և առաջնահերթություն տալ Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելուն։