Ջոզեֆ Բորել. Ցավոք, ԵՄ-ում այլևս չկա միաձայնություն Ուկրաինային աջակցելու հարցում, քանի որ Հունգարիան որոշել է բացահայտորեն աջակցել Բրազիլիա-Չինաստան նախաձեռնությանը
Ցավոք, ԵՄ-ում այլևս չկա միաձայնություն Ուկրաինային աջակցելու հարցում, քանի որ մի երկիր՝ Հունգարիան, որոշել է բացահայտորեն աջակցել Բրազիլիա-Չինաստան նախաձեռնությանը: Այս մասին իր բլոգում գրում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Բորելն իր բլոգում գրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումների ու այնտեղ Ուկրաինայի հարցի քննարկման մասին։
«Այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, իհարկե, նույնպես բանավեճի ամենակարեւոր հարցերից մեկն էր։ Հատկապես երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ ես հաստատեցի մեր լիակատար աջակցությունը Ուկրաինայի փրկության պայքարին և նախագահ Զելենսկու առաջարկներին։ Ցավոք, ԵՄ-ում այս աջակցության հարցում այլևս չկա միաձայնություն, քանի որ մի երկիր՝ Հունգարիան, ընտրել է բացահայտորեն աջակցել Բրազիլիա-Չինաստան նախաձեռնությանը»,- գրել է Բորելը։
Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի միջամտությունն ինքնին միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լայնածավալ խախտում է, սակայն Ռուսաստանի կողմից այս պատերազմի յուրաքանչյուր օր ստեղծում է միջազգային իրավունքի նոր լայնածավալ խախտում։
Բլոգում Բորելը կենտրոնացել է էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման վրա, հատկապես ձմեռվանից առաջ։
«Պուտինը փորձում է կոտրել Ուկրաինայի դիմադրությունը և էներգետիկ փլուզմամբ հասնել նրան, ինչ չկարողացավ հասնել մարտի դաշտում»,- գրում է Ջոզեֆ Բորելը։