Ջոզեֆ Բորել – Բոլորն են ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, բայց հիմնական հարցն այն է, թե ինչպես
Բոլորն են ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, սակայն հիմնական հարցն այն է, թե ինչպես,- այս մասին հայտարարել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Բորելի խոսքով՝ առանց Արեւմուտքի աջակցության Ուկրաինան երկար ժամանակ չի դիմանա Ռուսաստանի հետ առճակատմանը, իսկ Պուտինը կհասնի իր նպատակներին։
«Շատերը ցանկանում են, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ Առաջին հերթին դա ցանկանում են ուկրաինացիները, բայց հիմնական հարցն այն է, թե ինչպես դա տեղի կունենա։ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը կավարտվի երկու շաբաթից, և Պուտինը կհասնի իր նպատակներին, բայց արդյոք մենք դա ուզում ենք հանուն ուկրաինացիների և մեր անվտանգության»,- ասել է Բորելը։
Նրա իսկ հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ապագա խաղաղ բանակցությունները, երբ ժամանակը գա, անցկացվեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար բարենպաստ պայմաններում։