Ջոզեֆ Բորել – Անկախ նրանից, թե ինչ կանի ԱՄՆ-ը, Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային
Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ նրանից, թե ինչ է անում Միացյալ Նահանգները, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը։
Բորելի խոսքով՝ քանի դեռ ուկրաինացիները դիմադրում են ռուսական ագրեսիային, Եվրամիությունը կաջակցի նրանց։
Այս մասին Բորելն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձի և պատերազմը դադարեցնելու կարողության մասին լրագրողների հարցին։
«Թրամփն այս պահին միայն թեկնածու է։ Ես կսպասեմ, մինչև նա վերադառնա Սպիտակ տուն, որպեսզի քննարկի իր առաջարկները։ Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ Ուկրաինան կդիմադրի, իսկ մենք ի՞նչ առաջարկեցինք Ուկրաինային առաջին հերթին։ Մենք առաջարկել ենք սաղավարտներ, իսկ այժմ մենք առաջարկում ենք F-16: Տարբերությունը նկատելի է, չէ՞։ Մենք պետք է շարունակենք: Ես չգիտեմ, թե ինչ կանեն կամ չանեն ամերիկացիները, նոր նախագահը, բայց մինչ այժմ ԵՄ-ի աջակցությունը՝ ռազմական, քաղաքացիական, տնտեսական, ֆինանսական, հումանիտար, ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը։ Մեր վճարած գումարը կազմում է ավելի քան 100 միլիարդ եվրո, որից 45 միլիարդը՝ ռազմական աջակցության համար։ Սա, իհարկե, ավելի քիչ է, քան ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը, բայց սա նույնպես կարևոր թիվ է»,- ասել է Բորելը։
Միևնույն ժամանակ, Եվրամիության բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինայի կապիտուլյացիան և նրա վերածումը երկրորդ Բելառուսի ամենաարագ ճանապարհը չէ պատերազմի ավարտի համար։