Ջորջ Վեան ստանձնել է Լիբերիայի նախագահի պաշտոնը
Ջորջ Վեան ստանձնել է Լիբերիայի նախագահի պաշտոնը

Լիբերիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ջորջ Վեան  պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Սամյուել Կանյոն Դոուի անվան սպորտային համալիրի մարզադաշտում նա  Գերագույն դատարանի նախագահ ֆրենսիս Կորկորպորին Աստվածաշնչի վրա երդում է տվել, հաղորդում է AFP-ն:

Սա 1944 թվականից ի վեր երկրում իշխանության առաջին փոփոխությունն է, որը տեղի է ունենում ժողովրդավարական ճանապարհով: Այն ժամանակ իշխանության եկած Ուիլյամ Թաբմենը ղեկավարեց երկիրը մինչև իր մահը՝ 1971 թվականը:

Հաջորդ ղեկավարը՝ Ուիլյամ Թոլբերտը, մահացավ ռազմական հեղաշրջման ընթացքում, իսկ նրա տեղը զբագեցրած  Սամյուել Դոիուն, ապստամբները պատանդ վերցրեցին և սպանեցին: Ի վերջո, Չարլզ Թեյլորը, որը 1997-2003 թվականներին  եղել է նախագահ, ստիպված էր հրաժարական տալ և դուրս գալ Լիբերիայից՝ զինված ընդդիմադիր ջոկատների կողմից մայրաքաղաքի գրավման նախօրյակին:

Վեան հաղթեց հոկտեմբերի 26-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով քվեների 61.5 տոկոսը: Նրա մրցակից, փոխնախագահ Ջոզեֆ Բոակայը հավաքել էր 38,5 տոկոս: Առաջին փուլում Վեան նույնպես առաջին տեղը գրավեց՝ ձայների 38.4 տոկոսով: