Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Ջոն Քիրբին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողները կասկածի տակ են դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին հայտարարությունը։
Քիրբիի խոսքով, ներկայումս Ուկրաինայում գտնվող ԱՄՆ միակ զինվորականները դեսպանատան պաշտպանական կցորդի գրասենյակի կազմում են:
Տեղեկության համար՝ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհնար է բացառել Ուկրաինա ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Ավելի ուշ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն բացատրեց, որ «Ֆրանսիան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա հատուկ կարիքների համար, բայց ոչ Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար»։
Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաեւ Կրեմլը՝ նշելով, որ նման քայլը «անխուսափելի» է դարձնում ուղիղ հակամարտությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ։