Ջոն Քիրբի. Մենք վիզային սահմանափակումներ ենք մտցրել, բայց ԱՄՆ-ում չենք կարծում, որ բոլոր ռուսներին Պուտինի համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց կլինի
Այն հռետորաբանությունը, որը մենք լսում ենք Ռուսաստանից, լիովին անպատասխանատու է միջուկային պետության համար, ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին «Դոժդ»-ին տված հարցազրույցում։
Ջոն Քիրբին խոսել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին:
«Այն հռետորաբանությունը, որը մենք լսում ենք Ռուսաստանից, լիովին անպատասխանատու է միջուկային պետության համար։ Ցանկացած պատասխանատու միջուկային տերություն այդպես չէր խոսի և չէր սպառնա միջուկային զենք օգտագործել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և փորձում ենք հասկանալ Ռուսաստանի ռազմավարական դիրքը մեր հնարավորությունների սահմաններում։ ԱՄՆ-ի նախագահը մտահոգված է մեր սեփական ռազմավարական դիրքով և մեր երկիրը, մեր դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու մեր պատրաստակամությամբ»,- ասել է Քիրբին։
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը խոսել է նաև Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների սահմանման մասին և նշել, որ ԱՄՆ-ը կողմ չէ բոլոր Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ սահմանելուն։
«Մենք վիզային սահմանափակումներ ենք մտցրել որոշ ռուսների նկատմամբ և կարծում ենք, որ սա գործիք է Պուտինին պատասխանատվության ենթարկելու այն ամենի համար, ինչ նա անում է Ուկրաինայում: Մենք նրա օլիգարխիային պատասխանատվություն կդնենք Ուկրաինայի պատերազմի համար, բայց չենք կարծում, որ բոլոր ռուսներին Պուտինի համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց կլինի: Մենք կարծում ենք, որ չպետք է պատերազմը շուռ տանք ողջ ռուս ժողովրդի դեմ։ Պատերազմի համար չպետք է մեղադրել ռուս ժողովրդին, Պուտինն ու նրա կաբինետը այս անօրինական և չհրահրված պատերազմն են վարում Ուկրաինայում, և ռուսները չպետք է պատժվեն դրա համար»,- ասել է Քիրբին։