Ջոն Քիրբի. Մենք աջակցում ենք հումանիտար դադարներին, ինչպես նաև պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատվածին ավելի շատ օգնություն տրամադրելուն, բայց ոչ հրադադարին
Սպիտակ տունը նշում է, որ իրենք դեռ չեն աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Մենք աջակցում ենք հումանիտար դադարներին, ինչպես նաև պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատվածին ավելի շատ օգնություն տրամադրելուն, բայց ոչ հրադադարին, քանի որ դա կօգնի ՀԱՄԱՍ-ի մարտիկներին», – ասել է Քիրբին:
Մինչ Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը՝ հայտնի դարձավ, որ այսօր ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ջո Բայդենն ու Բենյամին Նեթանյահուն քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը։
Ջոն Քիրբիի խոսքով, Ջո Բայդենը դեռ հավատում է, որ լուծում կարելի է գտնել երկու երկրների ձևավորման միջոցով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ողջունել է Գազայի հատված ալյուրի ներկրումը թույլատրելու Իսրայելի համաձայնությունը։
Տեղեկության համար՝ նախկինում Իսրայելի վարչապետը հրապարակավ հայտարարել էր, որ չի աջակցում Պաղեստին պետության ստեղծմանը։