Ջոն Բոլթոն. ԵՄ զսպվածությունը և ԱՄՆ դիվանագիտությունը մեծացրին Ռուսաստանի հնարավորությունները պատերազմում
Եվրամիության զսպվածությունն ու ԱՄՆ-ի դիվանագիտությունը բարելավել են Ռուսաստանի շանսերը պատերազմում։ Այդ մասին «Վաշինգտոն Փոստ»-ում հրապարակված հոդվածում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը կարծում է, որ Արևմուտքի կողմից վերջին ժամանակաշրջանի ձախողումներն ու սխալները մեծացրել են Ռուսաստանի հաղթանակի հնարավորությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։
Բոլթոնը նաև նշում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով վտանգի տակ է ոչ միայն Ուկրաինայի ազատությունն ու անկախությունը։
«Սառը պատերազմի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզումը Խորհրդային Միության հիմնական նպատակներից մեկն էր, որը, բարեբախտաբար, երբեք չիրականացվեց։ Սակայն այժմ, ինչպես երևում է, շատ ամերիկացիներ և եվրոպացիներ վճռել են այդ գործը կատարել Ռուսաստանի փոխարեն», – գրում է Բոլթոնը։
Բոլթոնը նաև ափսոսանք է հայտնել այն առիթով, որ Եվրամիությունը Ուկրաինային չի փոխանցել սառեցված ռուսական ակտիվները։
«Դա ակնհայտ և պարզ պարտություն էր այն քաղաքական գործիչների համար, որոնց Վլադիմիր Պուտինը մի քանի օր առաջ անվանել էր «խոզեր»։ Եվրամիության ուղերձը թույլ էր․ Եվրոպան կաջակցի Ուկրաինային, բայց ոչ լայնածավալ կերպով։ Զարմանալի չէ, որ Պուտինը կարծում է՝ ժամանակն իր օգտին է», – գրում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Դոնալդ Թրամփի հոդվածում։
Ջոն Բոլթոնը նաև նշում է, որ ավելի վատ տեսք ուներ Թրամփի վարչակազմի դիվանագիտական փորձը։ Բոլթոնի գնահատմամբ՝ Թրամփը բազմիցս, առանց որևէ ապացույցի, հայտարարել է, թե Պուտինը Ուկրաինայում խաղաղություն է փնտրում, մինչդեռ ԱՄՆ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչներն այդ հարցում արմատապես այլ կարծիք ունեն։