Ջո Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար

21:06, 04.05.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար։ «Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ջո Բայդենն ասել է Սպիտակ տանը լրատվամիջոցների հետ զրույցում։

Այն բանից հետո, երբ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «միշտ բաց է լրացուցիչ պատժամիջոցների համար»:

«Այս շաբաթ ես կխոսեմ «Մեծ յոթնյակի» անդամների հետ այն մասին, թե ինչ կանենք կամ չանենք»,- ասել է Ջո Բայդենը։

Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, ինչպես նաև ռուսական խոշորագույն Սբերբանկի և այլ ընկերությունների Swift համակարգից անջատում։

Բացի այդ, լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել Բրիտանիայի կողմից։ Լոնդոնը սև ցուցակ է մտցրել ևս 63 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների և դրանց սեփականատերերի:

Նմանատիպ