Ջո Բայդենը թույլատրել է պատի նոր հատվածի կառուցումը Մեքսիկայի սահմանին
Ջո Բայդենը թույլատրել է պատի նոր հատվածի կառուցումը Մեքսիկայի սահմանին

Ջո Բայդենը թույլատրել է պատի նոր հատվածի կառուցումը Մեքսիկայի սահմանին։ Ինչպես գրում է «BBC»-ն, խոսքը 32 կիլոմետր երկարությամբ պատի մասին է, որը կառուցվելու է Մեքսիկայի սահմանի այն հատվածում, որտեղից միգրանտներն ամենից հաճախ փորձում են անօրինական մուտք գործել ԱՄՆ։

Տեղեկության համար նշենք, որ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի քաղաքականության մի մասն էր, որը քննադատության էր արժանացել դեմոկրատների կողմից։

2020 թվականին Ջո Բայդենը խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում սահմանային նոր պատ չի կառուցվի։

«BBC»-ի փոխանցմամբ՝ վերջերս ԱՄՆ նախագահի համար խնդրահարույց է դարձել անօրինական միգրանտների հարցը։ Միայն այս տարի ԱՄՆ ապօրինի մուտք է գործել 245 հազար միգրանտ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ի հետ զրույցում արձագանքել է Բայդենի որոշմանը։ Նա քննադատել է Բայդենին այն բանի համար, որ նա հետ է քաշել սահմանային հսկողության կոշտ միջոցները, որոնք Թրամփի կարծիքով խթանել են միգրացիոն ճգնաժամը:

«Նա պետք է անի այն ամենը, ինչ մենք անում էինք»,- ասել է Թրամփը։