Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են Կիևին F16 կործանիչների փոխանցման հարցը
Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են Կիևին F16 կործանիչների փոխանցման հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Կիևին F16 կործանիչների փոխանցման հարցը։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենը հեռախոսով խոսել է ուկրաինացի գործընկերոջ հետ՝ շնորհավորելու նրան Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։

«Նախագահ Բայդենը հաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը ռուսական ագրեսիայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար։ Բայդենն ու Զելենսկին քննարկել են ուկրաինացի ռազմական օդաչուների վերապատրաստման սկիզբը և վերապատրաստման ավարտից հետո արագ թույլտվություն տրամադրել այլ երկրներին՝ F-16-ներ փոխանցելու Ուկրաինա՝ Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ինչպես երեկ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, երեք երկրներ՝ Նիդեռլանդները, Դանիան և Նորվեգիան, արդեն հաստատել են իրենց պատրաստակամությունը Ուկրաինային փոխանցելու F16 կործանիչներ։