Ջո Բայդենը ակնարկել է, որ ԱՄՆ-ը կարող է չեղարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնարկել է, որ Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ինչպես գրում է «BBC»-ն, այս հարցի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Բայդենն ասել է, որ իր վարչակազմը «ներկայումս աշխատում է այդ հարցով»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Sky News-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի համար Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռների կիրառումը սահմանափակելու վերաբերյալ։
«Մենք երբեք դա չենք բացառում, բայց երբ թույլտվություն ենք տալիս, ցանկանում ենք համոզվել, որ դա նպաստում է նրան, ինչին ցանկանում են հասնել ուկրաինացիները», – ասել է Բլինկենը։
Ըստ Reuters-ի՝ անցյալ շաբաթ անանուն աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն աշխատում է գործարքի վրա, որը Ուկրաինային կտա այն, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պայքարելու համար, սակայն բոլոր զենքի մատակարարումների շուրջ համաձայնության հասնելու համար ամիսներ կպահանջվեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա ուղերձում ասել է, որ «Ուկրաինայի համար բացարձակ առաջնահերթությունը արդար խաղաղությունն է, և յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք և յուրաքանչյուր թշնամական քայլ, այս պատերազմը երկարացնելու և սաստկացնելու յուրաքանչյուր փորձ արձագանք կստանա աշխարհից»:
Տեղեկության համար՝ սեպտեմբերի 10-ին Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը սեպտեմբերի 13-ին հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Պետքարտուղարի խոսքով՝ պաշտոնյաները քննարկում են Ուկրաինայի պաշտպանության ուժերին Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու թույլտվության հարցը։