Ջո Բայդեն. Թրամփն իսկապես աջակցեց ապստամբությանը, դրա մասին խոսք անգամ չկա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ կասկած չկա, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է 2021 թվականի հունվարի 6-ի ապստամբությանը։
Այս մեկնաբանությամբ Բայդենն արձագանքել է Կոլորադո նահանգի Գերագույն դատարանի որոշմանը, ըստ որի՝ Դոնալդ Թրամփին արգելել են մասնակցել նահանգի 2024 թվականի փրայմերիզներին։
«Անկախ նրանից, թե 14-րդ ուղղումը կկիրառվի, թե ոչ, մենք թույլ կտանք, որ դատարանները կայացնեն այդ որոշումը, բայց Թրամփը իսկապես աջակցեց ապստամբությանը, դրա մասին խոսք չկա»,- ասել է Բայդենը։
Ինչպես գրում է «Հիլ» հրատարակությունը, ԱՄՆ նախագահը հրաժարվել է լրագրողներին հայտնել իր կարծիքը դատարանի որոշման վերաբերյալ եւ պատասխանել այն հարցին, թե արդյոք Թրամփին պետք է հեռացնել նախագահական ընտրություններից։
Բացի այդ, ինքը՝ Դոնալդ Թրամփը, Կոլորադոյի դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել և ասել, որ նշված որոշումը «բռնապետության սկիզբն է»։ Նրա խոսքով՝ Կոլորադոյի Գերագույն դատարանի բոլոր դատավորները նշանակվել են դեմոկրատների կողմից, և նա անմիջապես կբողոքարկի որոշումը։