Ջո Բայդեն. Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հստակ հիշեցում է աշխարհին, որ Պուտինի նպատակը մնում է նույնը, նրան անհրաժեշտ է կանգնեցնել
Ջո Բայդեն. Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հստակ հիշեցում է աշխարհին, որ Պուտինի նպատակը մնում է նույնը, նրան անհրաժեշտ է կանգնեցնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Ուկրաինայի վրա հարձակումը ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն անփոփոխ է։

«Սա խստիվ հիշեցում է աշխարհին, որ այս ավերիչ, գրեթե երկու տարի տևած պատերազմից հետո Պուտինի նպատակը մնում է նույնը: Նա ձգտում է ոչնչացնել Ուկրաինան և ենթարկել նրա ժողովրդին։ Նրան անհրաժեշտ է կանգնեցնել»,- ասել է Բայդենը։

Բայդենը նաև կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի կողմից մատակարարված պաշտպանական համակարգերը կարողացել են խոցել ուրբաթ օրը արձակված բազմաթիվ ռուսական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:

«Ամերիկյան ժողովուրդը կարող է հպարտանալ այն մարդկանց կյանքերով, որոնք մենք օգնել ենք փրկել, և այն աջակցությամբ, որը մենք տրամադրել ենք Ուկրաինային, երբ նա պաշտպանում է իրեն, իր ազատությունն ու անկախությունը, բայց եթե Կոնգրեսը անհապաղ միջոցներ չձեռնարկի նոր տարում, մենք չենք կարողանա շարունակել տրամադրել զենք և կենսականորեն անհրաժեշտ պաշտպանական համակարգեր»,- ասել է Բայդենը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը պահանջել է մինչև 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համար։