Ջո Բայդեն. Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար
Ջո Բայդեն. Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատվությունը կրում է Վլադիմիր Պուտինը։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում, որն անցկացվել է ռուս ընդդիմադիրի մահվան կապակցությամբ։

Բայդենի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնին ճշմարտության մասին է խոսել անգամ բանտում։

«Ռուսաստանի կառավարությունը պատմում է իր պատմությունը, բայց հիշեք՝ Նավալնիի մահվան պատասխանատուն Պուտինն է»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ ժամանակն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները կարեւոր որոշում կայացնեն եւ շարունակեն աջակցել Ուկրաինային, որի առջեւ կանգնած է Ռուսաստանը։

Տեղեկության համար՝ 2021 թվականի հուլիսին Պուտինի հետ հանդիպումից հետո Ջո Բայդենն ասել էր, որ եթե Նավալնին մահանա գաղութում, կործանարար հետևանքներ կունենան Ռուսաստանի համար։

Լրագրողները հիշեցրել են Բայդենին նրա հայտարարությունը, որին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինն արդեն զգացել է դրա հետևանքները՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների տեսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։

Հարցին, թե արդյոք պլաններ կան լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու, Բայդենն ասել է, որ «տարբեր հնարավորություններ են դիտարկվում»:

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը տեղեկություն է տարածել Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ալեքսի Նավալնին 47 տարեկան էր։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հունվարին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերջերս իր պատիժն էր կրում խիստ ռեժիմի գաղութում՝ Յամալ-Նենտա ինքնավար շրջանում։ Խարփ գյուղը, որտեղ գտնվում է գաղութը, գտնվում է Սիբիրի հյուսիսային մասում։