Ջո Բայդեն. Մենք հստակ ասել ենք իրանցիներին զգույշ լինել՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանին զգուշացրել է «զգույշ» լինել տարածաշրջանում իր գործողություններում` Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այս մասին գրում է «CNN»-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրեական համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Բայդենը հերթական անգամ աջակցել է Իսրայելին և ասել, որ հաճախ է զրուցում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելի պաշտպանության բանակին, ներառյալ զինամթերք՝ «երկաթյա գմբեթը» համալրելու համար: Մենք ԱՄՆ-ի ավիակիրը տեղափոխել ենք Միջերկրական ծովի արևելյան հատված և ավելի շատ կործանիչներ ենք ուղարկում տարածաշրջան։ Մենք հստակ ասել ենք իրանցիներին զգույշ լինել»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը խոստացել է իր վարչակազմի հետ միասին փրկել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող անմեղ մարդկանց։
«Շատ բաներ կան, որ մենք անում ենք. շատ բան ենք անում։ Ես հույսս չեմ կորցնում, որ այս մարդկանց տուն կբերեմ»,- ասել է Ջո Բայդենը։