Ջո Բայդեն. Կարծում եմ՝ Պուտինը կանխատեսում էր, որ կարող է պառակտել ՆԱՏՕ-ն, բայց դա տեղի չունեցավ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա մոտեցրել է ՆԱՏՕ-ին և Եվրոպային։ «CNN»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է այսօր հրապարակված աուդիո ձայնագրության մեջ։ Բայդենն ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում իր գլխավոր ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ի և Եվրամիության միասնության պահպանումն է։
«Ի սկզբանե իմ նպատակն էր վստահ լինել, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը համաձայն էին իրար հետ։ Որովհետև ես կարծում եմ, որ Պուտինը կանխատեսում էր, որ կարող է պառակտել ՆԱՏՕ-ն, բայց դա տեղի չի ունեցել», – ասել է Բայդենը։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի խոսքով, Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանը թանկ է վճարելու ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում։ Բայդենն ասում է, որ պատժամիջոցները Ռուսաստանին պատժելու միակ միջոցն են՝ գլոբալ մասշտաբով պատերազմ հրահրելու վտանգից խուսափելու համար։
«Դուք ունեք երկու տարբերակ՝ երրորդ համաշխարհային պատերազմ սկսել և ֆիզիկապես պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, կամ երկրորդը՝ միջազգային իրավունքը խախտող երկիրը վճարի իր արածի համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանական զենք մատակարարել Ուկրաինային և տնտեսական աջակցություն ցուցաբերել։