Ջին Շահինը, Էլիզաբեթ Ուորենը և Ջո Ուիլսոնը երկկուսակցական նամակով դիմել են Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Սիրիայից հանել ահաբեկչությանը աջակցող պետության կարգավիճակը
Ամերիկացի սենատորներ Ջին Շահինը, Էլիզաբեթ Ուորենը և կոնգրեսական Ջո Ուիլսոնը երկկուսակցական նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Սիրիայից հանել ահաբեկչությանն աջակցող պետության (SST) կարգավիճակը։ Նամակի տեքստը հրապարակվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վեբկայքում։
Նամակում սենատորները հայտարարում են, որ Ասադի ռեժիմի անկումից հետո այս կարգավիճակի իրավական հիմքն այլևս գոյություն չունի, և դրա պահպանումը դարձել է գլխավոր խոչընդոտը Սիրիայի տնտեսական վերականգնման, հակաահաբեկչական համագործակցության և երկարատև կայունության համար։
Նրանց իսկ խոսքով՝ կարգավիճակի չեղարկումը կնպաստեր ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, հնարավորություններ կբացեր ամերիկյան ներդրումների համար, իսկ Սիրիան ավելի քիչ կախվածության մեջ կլիներ Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից։
Սենատորները նշում են, որ Սիրիայի նոր իշխանությունը՝ նախագահ Ալ Շարաայի գլխավորությամբ, հակաահաբեկչական հարցերում համագործակցության կայունություն է դրսևորել՝ միանալով «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կոալիցիային և աշխատում է Սիրիայում «Հեզբոլլահի» ցանցերի թուլացման ուղղությամբ, այդ թվում՝ պայքարելով անդրազգային զենքի և ֆինանսական հոսքերի դեմ։
Սենատորները նաև մատնանշում են, որ ամերիկյան ֆինանսական հաստատությունները ահաբեկչությանն աջակցող պետության կարգավիճակը համարում են հիմնական խոչընդոտը Սիրիայում մասնավոր ներդրումների և տնտեսական վերականգնման համար խոստացված միլիարդավոր դոլարների ներգրավման ճանապարհին։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտ 216 միլիարդ դոլար։
Սենատորների հայտարարությամբ՝ ահաբեկչությանն աջակցող պետության կարգավիճակի չեղարկումը չի նշանակում Սիրիայի նկատմամբ ճնշման թուլացում այլ կարևոր հարցերում, ներառյալ՝ ռուսական ռազմական ներկայության կրճատումը, Սիրիայի տարբեր համայնքների միջև իշխանության կիսումը և կանանց լիարժեք ներգրավվածությունը կառավարման մեջ։