Ջասթին Թիմբերլեյքի համերգը «Դինամո Արենայում» կկայանա հուլիսի 23-ին

13:52, 04.04.2025

Starring Georgia նախագծի շրջանակում Ջասթին Թիմբերլեյքի համերգը կկայանա «Դինամո Արենայում»։ Պոպ երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը համերգով հանդես կգա հուլիսի 23-ին «Դինամո Արենայում»։

Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին TKT.ge/JustinTimberlake կայքում։

Միջոցառման կազմակերպիչների տեղեկությամբ՝ Starring Georgia երաժշտական ոդիսականին հավատարիմ ուղեկիցները՝ Starring Card-ի տերերը, հնարավորություն կունենան օգտվելու Pre Sale-ից և մեկ օր շուտ ձեռք բերելու սահմանափակ քանակությամբ տոմսեր։ Նրանց փոխանցմամբ՝ նախնական վաճառքը կմեկնարկի ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին TKT.ge կայքում։

«Ջասթին Թիմբերլեյքը բազմակողմանի արտիստ է՝ երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան։ Աշխարհում վաճառվել է նրա ավելի քան 54 միլիոն ալբոմ և 63 միլիոն երգ։ Նրա կարիերան սկսվել է 30 տարի առաջ՝ որպես հայտնի տղաների խմբի՝ *NSYNC-ի մենակատար։ Այդ խմբի հետ միասին նա վաճառել է 70 միլիոն ձայնագրություն։ Ջասթին Թիմբերլեյքը պոպ, դենս և R&B ժանրերում արժանացել է GRAMMY-ի տասը մրցանակի՝ այդ թվում՝ իր հաջողակ սոլո ալբոմների համար՝ Man of the Woods, The 20/20 Experience, FutureSex/LoveSounds և իր դեբյուտային սոլո ալբոմի՝ Justified-ի համար։ Բացի այդ, Ջեյ Զի-ի հետ համագործակցության շնորհիվ նա գրանցել է ավելի քան 23 միլիարդ աուդիո և վիդեո սթրիմ ամբողջ աշխարհում։ Նա նաև ստացել է չորս Emmy մրցանակ՝ Saturday Night Live երեկոյան երաժշտական-հումորային շոուում հիշարժան ելույթների համար։

Ջասթին Թիմբերլեյքը ձայնավորել է DreamWorks-ի անիմացիոն մյուզիքլը՝ TROLLS-ը։ Նրա հիթ դարձած երգը՝ Can’t Stop the Feeling, որը ներառված է 2017 թվականին թողարկված Trolls Holiday-ից, ներկայացվել է «Օսկար»-ի «Տարվա լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։ Վերջերս արտիստը թողարկել է իր վեցերորդ ստուդիական ալբոմը՝ Everything I Thought It Was, որը ներառում է 18 նոր երգ, այդ թվում՝ հիթերը՝ Selfish և No Angels։ Հուլիսի 23-ին «Դինամո Արենայում» հավաքված տասնյակ հազարավոր երաժշտասերները հնարավորություն կունենան լսելու իրենց սիրելի հիթերը, ինչպես նաև նրա նոր ալբոմի երգերը»,- նշված է միջոցառման կազմակերպիչների տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ