Իզիումի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների էքսպերտիզան ավարտվել է
Ավարտվել է ուկրաինական զորքերի կողմից օկուպանտներից ազատագրված Իզիում քաղաքի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների էքսպերտիզան։ Հայտնաբերվել է օկուպանտների կողմից սպանվածների ընդհամենը 436 դի, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել է Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, դիակների վրա առկա են եղել բռնության հետքեր, 30 դիերի վրա՝ խոշտանգումների հետքեր։ Ոմանց վզին պարան է եղել կապած, նաև դիակներ կան կապված ձեռքերով, կոտրված վերջույթներով և հրազենային վնասվածքներով։ Մի քանի տղամարդու դիակների սեռական օրգաններն են անդամահատված։
Հայտնաբերված դիերի մեծ մասը քաղաքացիական անձինք են, իսկ 21-ը՝ զինվորականներ։
Ուկրաինայի ազգային ոստիկանության հետաքննչական վարչության պետ Սերգեյ Պանտելեևի խոսքով՝ սպանվածների թվում կա 202 կին և հինգ երեխա։ 11 մարմին այնքան անդամահատված է, որ նրանց սեռը կորոշվի բժշկական հետազոտությունից հետո։
Պանտելեևի խոսքով՝ Իզիումում հայտնաբերված այս զանգվածային գերեզմանը միակը չէ։