Իտալիայում փոթորիկը ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել, բնակչությունը տարհանվում է շրջաններից
«Բորիս» փոթորիկը Իտալիայում ջրհեղեղներ ու սողանքներ է առաջացրել, բնակչությունը տարհանվում է շրջաններից։ Այս մասին հայտնում է «Guardian»-ը։
Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանիա շրջանում բնակչության տարհանում է իրականացվում։ Առաջիկա 24-36 ժամվա ընթացքում Էմիլիա Ռոմանիա և Մարկե շրջաններում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարածաշրջանի բոլոր դպրոցներն այսօր փակ են։ Բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ ճամփորդություններից և աշխատել տնից։
Կաստել Բոլոնեզեի քաղաքապետն ասել է, որ իրավիճակը «էականորեն գերազանցում է ամենավատ կանխատեսումները» և կոչ է արել շրջանի բնակիչներին տեղափոխվել իրենց տների վերին հարկերը: Սողանքների պատճառով մարզերում փակ են ճանապարհները։
Տեղեկության համար՝ Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 23 մարդ։ «Բորիս» փոթորկի հետեւանքով ջրհեղեղներ են Չեխիայում, Ավստրիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում։ Յոթ մարդ մահացել է Ռումինիայում, յոթը՝ Լեհաստանում, հինգը՝ Ավստրիայում, չորսը՝ Չեխիայում։