Իտալիայում մնացած Վրաստանի քաղաքացիները հավաքվում են Հռոմում, որտեղից կառավարության օգնությամբ կվերադառնան հայրենիք
Իտալիայի Հանրապետության հետ չվերթների ժամանակավոր դադարեցման հետևանքով Իտալիայում մնացած Վրաստանի այն քաղաքացիները, որոնց հետ վերադարձի ավիատոմսերը չեղարկվել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, մոտ ապագայում կվերադառնան Վրաստան: Նրանց վերադարձը կապահովի Վրաստանի կառավարությունը:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են արտաքին գործերի նախարարությունից, արդեն մշակված են բոլոր այն քաղաքացիների տվյալները, ովքեր համապատասխան որոշումը հրապարակվելուց հետո դիմել են Իտալիայում Վրաստանի դեսպանությանը:
Հատկանշական է, որ Վրաստանն առաջին երկրներից է, որը Իտալիայի հետ չվերթները դադարեցնելուց հետո դուրս է բերում իր քաղաքացիներին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հայտարարում է, որ Իտալիայից ժամանած քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես կստուգվեն: