Իտալիայում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքի» պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացի
Իտալիայում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքի» պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացի

Իտալիայում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացուն, որը կասկածվում է «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ։ Այս մասին տեղեկություն է տարածում «Շպիգելը»։

Հրատարակության տվյալներով՝ Իտալիայի ոստիկանությունը Ռիմինի շրջանում ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ին։ Նրան ձերբակալել են եվրոպական օրդերի հիման վրա։

Ինչպես գրում է «Շպիգելը», «Հյուսիսային հոսք» գազամուղի վրա հարձակումն իրականացրել են ուկրաինացի հատուկջոկատայինները 2022 թվականի սեպտեմբերին։ Նշվում է, որ ջրասուզակներին հասցրել են գազամուղի մոտ առագաստանավով, որպեսզի նրանք ծովի հատակին տեղադրեն պայթուցիկ նյութ։

Սերգեյ Կ.-ն գտնվել է «Անդրոմեդա» անունով նավի վրա։ Դատախազությունը կարծում է, որ նա ջրասուզակ չի եղել և, ամենայն հավանականությամբ, համակարգողի դեր է կատարել։

Իտալիայի իրավապահ մարմինները նշում են, որ դեռևս անհայտ է, թե երբ կկայանա Սերգեյ Կ.-ի արտահանձնումը Գերմանիա։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինան որևէ կապ չունի «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման հետ։