Իտալիայի պաշտպանության նախարար. Դիրքորոշումն անփոփոխ է, մենք միշտ բացառել ենք մեր զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը
Իտալիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինա զորքեր հնարավոր ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը մեծացնում է լարվածությունը։ Գիդո Կրոզետոյի խոսքով՝ իտալացի զինվորները ոչ մի դեպքում չպետք է ներքաշվեն Ուկրաինայում շարունակվող պատերազմին։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան օգնության կարիք ունի, և մենք դա անում ենք։ Միևնույն ժամանակ, մենք միշտ բացառել ենք մեր զինվորականների ներգրավվածությունը հակամարտությունում»,- հայտարարում է Իտալիայի պաշտպանության նախարարը։
Իտալիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ լարվածությունը մեծացնելու կարիք չկա, և անհրաժեշտ է երկխոսության ձևեր գտնել։
«Ի տարբերություն մյուսների, ուղղակի ռազմական միջամտությունները մեր համակարգում հստակորեն արգելված են։ Ռազմական միջամտությունը կարող ենք դիտարկել միայն միջազգային մանդատով, օրինակ՝ ՄԱԿ-ի բանաձեւի կատարման համար։ Ուկրաինայում հիպոթետիկ միջամտությունը ոչ միայն չի ընկնի այս բացառության տակ, այլ կհանգեցներ հակամարտության հետագա սրման, ինչը ձեռնտու չէր առաջին հերթին հենց ուկրաինացիներին։ Մի խոսքով, մեր անմիջական միջամտության պայմանները գոյություն չունեն»,- ասել է Իտալիայի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ ինքը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորության մասին միայն խորացնում են հակամարտությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասում է, որ չի փոխել իր կարծիքը, երբ չի բացառել արևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա և այդ մոտեցումը ճիշտ է համարում։