Իտալիա կատարած այցի շրջանակներում Մարկո Ռուբիոն հանդիպել է Ջորջա Մելոնիի և Անտոնիո Տայանիի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Այցի շրջանակներում Ռուբիոն ստացել է խորհրդանշական նվեր՝ իր ընտանիքի տոհմածառը, որի արմատները հասնում են մինչև Պիեմոնտի տարածաշրջան, մասնավորապես՝ Կազալե Մոնֆերատո քաղաք։ Հենց այդ քաղաքի մունիցիպալ և եկեղեցական արխիվներում է իրականացվել հետազոտությունը, որի արդյունքում կազմվել է նրա տոհմածառը։
«Սա իսկական պատիվ է և առանձնահատուկ պահ՝ ստանալ այս ամբողջ տեղեկատվությունը։ Սա հրաշալի փորձառություն է և ևս մեկ պատճառ՝ շուտով վերադառնալու, տարածաշրջանը ճանաչելու, անցյալի հետ կապվելու համար։ Հուսով եմ՝ սա նաև ներշնչանք կլինի այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել ապագայում»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ դեռևս լավ չի տիրապետում իտալերենին, քանի որ լեզվի ուսուցման հավելվածի բաժանորդագրությունը դադարեցվել էր և չէր կարողացել թարմացնել այն։ Նա խոստացել է հաջորդ այցի ժամանակ ելույթ ունենալ իտալերենով։
«Ինչպես գիտեք, ես խոսում եմ իսպաներեն, որը շատ նման է իտալերենին։ Ես մարզվում եմ իտալերենով, բայց իմ Babbel-ի (լեզուների ուսուցման հավելվածի) բաժանորդագրության ժամկետն ավարտվել է, ուստի հիմա պետք է թարմացնեմ այն՝ աշխատանքը շարունակելու համար։ Հաջորդ անգամ, երբ վերադառնամ և միասին գնանք հանդիպումների, նույնիսկ ականջակալներ չեմ օգտագործի։ Ես ամեն ինչ հասկանում եմ, հիմա ուղղակի պետք է սովորեմ, թե ինչպես պատասխանեմ ձեզ այդ լեզվով։ Այնպես որ, հաջորդ անգամ ելույթս կլինի իտալերենով»,- նշել է Մարկո Ռուբիոն։