Իսրայելում հայտարարում են, որ թափանցիկ հետաքննություն են անցկացնելու «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպության աշխատակիցների մահվան կապակցությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խորապես վշտացած է Համաշխարհային կենտրոնական խոհանոց բարեգործական կազմակերպության աշխատակիցների մահվան կապակցությամբ և թափանցիկ հետաքննություն կանցկացնի։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Երեկ Գազայում մի դեպք է տեղի ունեցել, որը հանգեցրել է Համաշխարհային կենտրոնական խոհանոց կազմակերպության անձնակազմի ողբերգական մահվանը՝ կարիքավոր մարդկանց սնունդ մատակարարելու կենսական առաքելություն իրականացնելիս։ Որպես միջազգային իրավունքին հավատարիմ պրոֆեսիոնալ զինվորական՝ մենք պատրաստ ենք մանրակրկիտ և թափանցիկ վերանայել մեր գործողությունները։ Ես անպայման ձեզ հետ կկիսվեմ արդյունքներով և եզրակացություններով»,- ասել է Դանիել Հագարին։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով՝ Գլխավոր շտաբի փաստահավաք մեխանիզմը անկախ ռազմական մարմնի մի մասն է, որը պատասխանատու է պատերազմի ժամանակ անսովոր միջադեպերի հետաքննության համար:
«Մենք ամենաբարձր մակարդակով հետաքննում ենք միջադեպը՝ հասկանալու համար, թե ինչ և ինչպես է դա տեղի ունեցել։ Սա կօգնի մեզ նվազեցնել նման իրադարձության կրկնության ռիսկը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը սերտորեն համագործակցում էին «Աշխարհի կենտրոնական խոհանոցի» հետ՝ օգնելու նրանց իրականացնելու Գազայի ժողովրդին օգնելու իրենց վեհ առաքելությունը: Հոկտեմբերի 7-ի սպանդից հետո մեզ օգնելու համար Իսրայելում էր նաև «World Central Kitchen» հասարակական կազմակերպությունը։ Սա առաջին հասարակական կազմակերպություններից է, որ եկել է այստեղ։ Նրանց աշխատանքը խիստ անհրաժեշտ է»,- ասել է Դանիել Հագարին։
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության յոթ աշխատակից։