Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Եմենի Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստի վրա
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Եմենի Կարմիր ծովի «Հոդեյդա» նավահանգստին։ Տեղեկությունը տարածել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի իշխանություններին։
Ինչպես գրում է պարբերականը, իսրայելական հարվածների թիրախ էին Եմենում գործող հութի ապստամբների ռազմական ենթակառուցվածքները։
«Հութի ահաբեկչական ռեժիմը Հոդեյդայի նավահանգիստն օգտագործում է՝ իրանական ռեժիմի կողմից մատակարարված զենքով Իսրայելի և նրա դաշնակիցների դեմ հարձակումներ իրականացնելու համար», – ասվում է Իսրայելի հայտարարությունում։
«Reuters»-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, գրում է, որ հարվածները հասցվել են երեք նավահանգստային տարածքներին, որոնք ամիսներ առաջ Իսրայելի ուժերի կողմից ռմբակոծվել էին, իսկ հետո վերականգնվել հութիների կողմից։
Հիշեցնենք, որ հութիները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովում՝ ի նշան համերաշխության պաղեստինցիների հետ, թիրախավորելով Իսրայելի և նրա աջակիցների նավերը։