Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում սկսում են թիրախային ցամաքային գործողություններ

21:06, 19.03.2025

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում սկսում են թիրախային ցամաքային գործողություններ։ Զինվորականները նշում են, որ գործողության նպատակը բուֆերային գոտու ընդլայնումն է։

Պաշտպանության ուժերի հաղորդմամբ, 252-րդ դիվիզիան մուտք է գործել Նեցարիմի միջանցքի գոտի, որը բաժանում է Գազայի հատվածը երկու մասի։ Բացի այդ, Գոլանի բրիգադը տեղակայվել է Գազայի սահմանի հարավային մասում և պատրաստվում է հետագա գործողություններին։

Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում այն բանից հետո, երբ մեկ օր առաջ սկսել էր օդային հարվածներ հասցնել անկլավում։ «Համասի» վերահսկողության տակ գտնվող առողջապահական կառույցի տվյալներով՝ օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ։

Իսրայելի կառավարության հայտարարության համաձայն՝ գործողության վերակազմակերպումը պայմանավորված էր «Համասի» կրկնակի մերժումով՝ ազատ արձակել պատանդներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմի ու միջնորդների բոլոր առաջարկների մերժմամբ։

Հիշեցնենք, որ Իսրայելի և «Համասի» միջև ժամանակավոր հրադադարի առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին, որից հետո կողմերը միջնորդների օգնությամբ բանակցում էին այն երկարաձգելու մասին։

Նմանատիպ