Իսրայելի պաշտպանության բանակը հերքում է Գազայի Առողջապահության նախարարության տեղեկությունը, թե մարդասիրական օգնության սպասող մարդիկ զոհվել են Իսրայելի հարձակումներից
Իսրայելի պաշտպանության բանակը հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տեղեկությունն այն մասին, որ Գազայում մարդասիրական օգնության սպասող առնվազն 29 մարդ զոհվել է Իսրայելի հարձակումներից։
Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս խոսնակ Ավիչայ Ադրեն և հերքել տեղեկությունը, թե իսրայելական զորքերը կրակ են բացել Գազայում մարդասիրական օգնության սպասող մարդկանց վրա։
«Տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության ուժերը տասնյակ Գազայի բնակիչների թիրախ են դարձրել Գազայում մարդասիրական օգնության բաշխման կետում, ճիշտ չեն»,- գրել է Ավիչայ Ադրին սոցցանցում։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է, որ հետաքննությունը սկսվել է, և մինչև դրա ավարտը լրատվամիջոցներին կոչ է անում հրապարակել միայն հավաստի տեղեկություններ։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 29 մարդ, ովքեր սպասում էին մարդասիրական օգնության, զոհվել և 155-ը վիրավորվել են Գազայում իսրայելական երկու առանձին հարձակումների հետևանքով։