Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է։ ՊԲ-ից հայտնում են, որ աշխատում են այս տեղեկությունը հաստատելու ուղղությամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կատարվում է նույնականացում ԴՆԹ-ի նմուշով։
Ըստ իսրայելական բանակի, ենթադրվում է, որ Սինվարը երեք ահաբեկիչներից մեկն է, որոնք սպանվել են իսրայելցի զինվորականների կողմից չորեքշաբթի Գազայում գտնվող համալիրներից մեկում:
Բացի այդ, ինչպես ՌՈՅԹԵՐՍ-ին հայտնել են իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելի անվտանգության կաբինետը տեղեկացվել է, որ ամենայն հավանականությամբ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը վերջերս սոցիալական ցանցերում գրել էր, որ Իսրայելի թշնամիները չեն կարող թաքնվել։
«Մենք կհետապնդենք նրանց ու կոչնչացնենք»,- գրել է Գալանտը։
Տեղեկության համար՝ Յահյա Սինվարը հայտարարվել է Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ՝ իր նախորդի՝ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Մինչ այդ նա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարն էր։ Սինվարին Իսրայելի հետախուզման մեջ առաջին տեղում էր: Երկրի հատուկ ծառայությունները կարծում էին, որ նա է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա հարձակման կազմակերպիչը։
Սինվարը ծնվել է 1962 թվականին Գազայի հարավում գտնվող Խան Յունիս փախստականների ճամբարում: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է իսրայելական բանտում։ 1988 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Յահյա Սինվարը 1027 պաղեստինցի գերիների թվում է, որոնք Իսրայելը փոխանակել է 2011 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հետ: