Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ 36-րդ դիվիզիան հասել է Գազայի հատված՝ ցամաքային գործողության ընդլայնման շրջանակներում, իսկ Գազայի հյուսիս-հարավ ճանապարհին մարդասիրական միջանցք է բացվել
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մարդասիրական միջանցք է բացվել Գազայի հատվածի Սալահ ալ-Դին գլխավոր հյուսիս-հարավ ճանապարհին։ Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Նրանց կարծիքով՝ դա թույլ կտա Գազայի հյուսիսում բնակվող պաղեստինցիներին շարժվել դեպի հարավ։
«Այսօր մենք բացեցինք Սալահ ադ Դին ճանապարհը որպես մարդասիրական միջանցք Գազայի հատվածի հյուսիսում բնակվող խաղաղ բնակիչների համար»,- ասվում է Պաշտպանության ուժերի կողմից հրապարակված տեսանյութում։
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ցամաքային գործողությունների ընդլայնման շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիան հասել է Գազայի հատված։
«Դիվիզիային հանձնարարված է շրջափակել, հարձակվել և ոչնչացնել Գազա քաղաքում ընտրված թիրախները, ներառյալ կարևոր օբյեկտները, ինչպես նաև ոչնչացնել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության շտաբը», – ասվում է պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
36-րդ դիվիզիան, որը բաղկացած է հետևակներից, տանկերից, հրետանուց և մարտական ինժեներներից, անցած 24 ժամվա ընթացքում գրոհել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 50 թիրախ՝ ներառյալ մարտական գոտիները, օպերատիվ նստավայրերը, ռազմական դիրքերը և ստորգետնյա ենթակառուցվածքները։