Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ին

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ին,- հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Իսահակ Հերցոգի խոսքով՝ այսօր բոլորը տեսան ՀԱՄԱՍ-ի իրական դեմքը:

«Ահաբեկչական բանակ, որի միակ նպատակն է սառնասրտորեն սպանել անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաներին: Իրանում իրենց խամաճիկային հրամանատարների աջակցությամբ և առաջնորդությամբ նրանք հրեական սուրբ տոնին չհրահրված, սարսափելի հարձակում գործեցին հրեական պետության վրա: Անմեղ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, շատերը դեռ հարձակման տակ են»,- ասել է Իսրայելի նախագահը։

Նրա խոսքով, Իսրայել պետությունը կձեռնարկի բոլոր միջոցները քաղաքացիներին սպառնացող այս հստակ և անմիջական սպառնալիքը վերացնելու համար։

«Իսրայելը կհաղթահարի բոլոր մարտահրավերները։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը, հիմա ժամանակն է լսել ՀԱՄԱՍ-ի, նրա դաշնակիցների և Իրանում նրա աջակիցների հստակ, միանշանակ դատապարտումը: Հիմա ժամանակն է ամուր կանգնելու Իսրայելի կողքին՝ աջակցելով նրա արդար պայքարին թշնամու դեմ»,- ասված է Իսահակ Հերցոգի հայտարարության մեջ։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։