Իսրայելի Գերագույն դատարանի որոշման համաձայն՝ ուլտրաօրթոդոքս ուսանողները պետք է սկսեն զորակոչվել բանակ
Իսրայելի Գերագույն դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պետք է սկսի ուլտրաօրթոդոքս ուսանողներին բանակ զորակոչել։
«Դժվար պատերազմի պայմաններում անհավասարության բեռը նախկինի պես սուր է»,- ասվում է դատարանի միաձայն որոշման մեջ։
Իսրայելի օրենսդրության համաձայն՝ տղամարդկանց մեծ մասի համար պարտադիր է երեք տարվա զինվորական ծառայությունը: Նաև կանայք երկու տարվա զինվորական ծառայություն են անցնում։ Տասնամյակներ շարունակ ծայրահեղ ուղղափառները ազատված էին զինվորական ծառայությունից։ Նրանց զինծառայությունից ազատող օրենքի ժամկետը լրացել է անցյալ տարի, սակայն կառավարության թույլտվությամբ երկարաձգվել է։
Գերագույն դատարանը որոշել է, որ բացառության նոր իրավական հիմքի բացակայության դեպքում պետությունը պետք է սկսի ծայրահեղ ուղղափառ տղամարդկանց զորակոչը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարող կոալիցիան ներառում է երկու ծայրահեղ օրթոդոքս կուսակցություն, հետևաբար Գերագույն դատարանի որոշումը կարող է մարտահրավեր լինել Իսրայելի կառավարության համար։ Նշված կուսակցությունների ղեկավարները հիասթափություն են հայտնել դատարանի որոշման կապակցությամբ։
Իսրայելի խորհրդարանն աշխատում է պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի նոր նախագծի վրա։