Իսրայելի ֆինանսների նախարար. Մենք կգրավենք Ղազան և կդարձնենք այն Իսրայել պետության անբաժանելի մասը
Մենք կգրավենք Ղազան և կդարձնենք այն Իսրայել պետության անբաժանելի մասը, ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։
Սմոտրիչը նշել է, որ «Ղազայի Ռիվիերան. տեսլականից մինչև իրականություն» խորագրով Քնեսեթի համաժողովում քննարկել է Ղազայի հատվածի մի մասի բռնակցման հնարավորությունը Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։
«Շտաբի պետը անցյալ շաբաթ մեզ ասաց, որ բռնակցումը անհրաժեշտ է անվտանգության համար։ Ես իսկապես հավատում եմ, որ այստեղ կա հսկայական հնարավորություն։ Մենք կարող ենք սկսել հյուսիսային սահմանից և այնտեղ ստեղծել երեք համայնք։ Մենք արդեն խոսում ենք դրա մասին։ Մենք մեծ աջակցություն ունենք Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ Ղազան վերածելու բարգավաճ հատվածի, հանգստավայրի, որտեղ հնարավոր կլինի զբաղվածություն։ Ահա թե ինչպես պետք է խաղաղություն հաստատել», – ասել է Իսրայելի կառավարության պաշտոնյան։