Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի մասին համաձայնագիր կստորագրվի
Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի մասին համաձայնագիր կստորագրվի։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 26-ին Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը կհանդիպի՝ համաձայնագիրը հաստատելու համար։ Համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերվեց այսօր։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են նաեւ, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել կրակը Լիբանանում։ Հաղորդվում է, որ իսրայելական բանակը Նեթանյահուին ասել է, որ հասել է իր նպատակներին՝ ոչնչացնել Հեզբոլլահի ենթակառուցվածքը սահմանի երկայնքով և վերացնել հյուսիսային Իսրայելի վրա հարձակվելու հնարավորությունը, ինչպես նաև կտրուկ կրճատել Հեզբոլլահի հրթիռային զինանոցը:
Միաժամանակ, իսրայելական բանակը հայտարարեց, որ Լիբանանում ռմբակոծվել են 25 թիրախներ, որոնք օգտագործվում էին Հեզբոլլահի անդամների կողմից։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը դարձել է իսրայելական բանակի թիրախը։ Հաղորդվում է նաեւ, որ Լիբանանի Տյուր քաղաքի իսրայելական ռմբակոծության հետեւանքով 12 մարդ է զոհվել։
Միաժամանակ Հեզբոլլահը Լիբանանից 340 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ հարձակումն է։ Հրթիռային հարձակման հետեւանքով Իսրայելում վիրավորվել է 11 մարդ։