Իսրայելի ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը
Իսրայելի ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահական վարչության տվյալներով՝ տուժել է 5339 մարդ։
ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալության տվյալներով՝ 338 հազար մարդ լքել են իրենց տները և այժմ ապաստան են գտել հիվանդանոցներում և ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող դպրոցներում:
Բացի այդ, Իսրայելի շրջափակման հետեւանքով Գազայի հատվածին ջուր, վառելիք, բնական գազ ու էլեկտրաէներգիա չի մատակարարվում։
Գազայի գլխավոր հիվանդանոցին մնացել է ընդամենը չորս օրվա վառելիք պահեստային գեներատորների համար: Որից հետո, ըստ Կարմիր խաչի, վտանգ կա, որ հիվանդանոցները դիահերձարաններ կդառնան, քանի որ նրանք այլեւս չեն կարողանա բուժել տուժածներին։
Եգիպտոսը Իսրայելին կոչ է անում 6-ժամյա հրադադար հաստատել, որի ընթացքում հնարավոր կլինի ստեղծել հումանիտար միջանցք։