Իսրայելի արտգործնախարար. Էրդողանի թեկնածուների պարտությունը մունիցիպալ ընտրություններում հստակ ուղերձ է հղում Թուրքիայի նախագահին, որ Իսրայելի վրա հարձակումն այլևս չի աշխատում
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը շնորհավորում է Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասին մունիցիպալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Թուրքիայում Տեղական ինքնակառավարման ընտրություններն ավարտվեցին Էրդողանի թեկնածուների պարտությամբ։ Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլում, իսկ Մանսուր Յավասին՝ Անկարայում հաղթանակի կապակցությամբ։ Սա հստակ ուղերձ է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Իսրայելի վրա հարձակումն այլևս չի աշխատում և պետք է նոր ճանապարհ գտնել»,- Իսրայել Կացը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի են ունեցել մունիցիպալ ընտրություններ։ Քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի հաշվարկից հետո գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը 37,74 տոկոսով առաջատարն է, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 35,49 տոկոսը։