Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Իրանը կանգնած է ֆրանսիական երկաթուղու դիվերսիաների հետևում
Ֆրանսիական երկաթուղում իրականացված դիվերսիայի հետևում կանգնած է Իրանը,- գրում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը սոցցանցում։
Ինչպես նշում է իսրայելցին, «Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի երկաթուղային ենթակառուցվածքի դիվերսիաները ծրագրվել և իրականացվել են Իրանի չար և արմատական իսլամի առանցքի ազդեցության տակ»։
«Իսրայելի ձեռք բերած տեղեկատվության հիման վրա այս շաբաթ ես արդեն զգուշացրել եմ իմ գործընկեր Ստեֆան Սեժուրնին, որ իրանցիները ահաբեկչություններ են ծրագրում Իսրայելի պատվիրակության և միջոցառման մասնակիցների վրա։ Նրանց դավադրությունը խափանելու համար անհրաժեշտ է ուժեղացված միջոցներ ձեռնարկել։ Ազատ աշխարհը պետք է կանգնեցնի Իրանին հիմա, քանի դեռ ուշ չէ»,- սոցցանցում գրել է Իսրայելի արտգործնախարարը։
Ֆրանսիայում SNCF-ը՝ արագընթաց երկաթուղիների օպերատորը, հայտարարել է, որ վանդալիզմի գործողություններ են իրականացվել երկաթուղային ցանցի դեմ՝ խաթարելով երկաթուղային համակարգի աշխատանքը Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ։ Երկաթուղային ընկերությունն ասում է նաև, որ այսօր երկաթուղային համակարգի խափանումից կարող է տուժել մինչև 250 հազար ուղևոր, իսկ մինչև շաբաթվա վերջ նրանց թիվը, հավանաբար, կհասնի 800 հազարի։