Իսրայելը հայտարարում է, որ վերջին 48 ժամում Լիբանանում սպանվել են Հեզբոլլահի երեք հրամանատարներ և մոտ 70 գրոհայիններ
Իսրայելը հայտարարում է, որ վերջին 48 ժամում Լիբանանում սպանվել են «Հեզբոլլահի» երեք հրամանատարներ և մոտ 70 մարտիկ։ Այս տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի վրա։
«Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանական ուժերը շարունակում են սահմանափակ և թիրախային հարձակումներ իրականացնել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքների և մարտիկների դեմ: Վերջին 48 ժամվա ընթացքում վնասազերծվել է մոտ 70 ահաբեկիչ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ Իսրայելը տարհանման հրաման է արձակել Լիբանանի հարավային Տյուր նավահանգստային քաղաքի կենտրոնական մի քանի շրջանների համար:
Լիբանանի կառավարության տվյալներով՝ առնվազն 1,2 միլիոն լիբանանցի տեղահանվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, և 2530 մարդ զոհվել է, այդ թվում՝ 63-ը վերջին 24 ժամում։