Իսպանիայում խափանված էր հեռախոսային կապն ու ինտերնետի աշխատանքը
Իսպանիայում խափանված էր հեռախոսային կապն ու ինտերնետի աշխատանքը։ Այս մասին հայտնում է իսպանական մեդիան։
Խափանման պատճառ է դարձել որոշակի «միջադեպ՝ իսպանական «Տելեֆոնիկա» հեռահաղորդակցական ընկերության ցանցում կատարվող աշխատանքների ժամանակ»։
«Մենք կատարել ենք որոշ աշխատանքներ ցանցի արդիականացման նպատակով, ինչը ազդեց որոշ ծառայությունների վրա որոշ ընկերություններում։ Ներկայումս աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ», – նշում են «Տելեֆոնիկայից»։
Իսպանական մեդիայի հաղորդմամբ՝ խափանումը ազդել է արտակարգ ծառայությունների աշխատանքի վրա երկրի որոշ հատվածներում։ Մասնավորապես, չի գործել միասնական հեռախոսահամարը՝ 112-ը։
Բրիտանական LBC-ի տվյալներով՝ խափանումներ են արձանագրվել նաև Իսպանիայի բոլոր առաջատար բջջային օպերատորների աշխատանքի մեջ։ Օգտատերերը նշել են, որ չեն կարողացել զանգել, ստանալ SMS հաղորդագրություններ կամ օգտվել բջջային ինտերնետից։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Իսպանիայում և Պորտուգալիայում անջատվել էր էլեկտրականությունը, ինչի հետևանքով խաթարվել էր երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, չեղարկվել էին հարյուրավոր չվերթներ, խանութներն ու հիվանդանոցները դադարեցրել էին աշխատանքը։ Մինչ այժմ անհայտ է, թե ինչն էր էլեկտրաէներգիայի անջատման պատճառը։