Իսպանիայի վարչապետի եղբայրը մեղավոր է ճանաչվել նեպոտիզմի գործով և ինը տարով զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եղբայրը՝ Դավիթ Սանչեսը, մեղավոր է ճանաչվել նեպոտիզմի գործով և ինը տարով զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Դատարանը սահմանել է, որ 2017 թվականին Բադախոս նահանգի վարչակազմում Դավիթ Սանչեսի համար պետական պաշտոնն ստեղծվել է անօրինական կերպով, իսկ նրա նշանակման գործընթացն իրականացվել է վարչական կանոնների խախտմամբ, ինչը պարունակում էր հովանավորչության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ։
Ինքը՝ Դավիթ Սանչեսը, և վարչապետը հերքում էին մեղադրանքները՝ գործն անվանելով քաղաքականապես մոտիվացված։
Ինչպես գրում է «Ռոյթերսը», այս որոշումը նոր քաղաքական հարված է հասցնում Իսպանիայի սոցիալիստ վարչապետին, որի կառավարությունն ու մերձավոր շրջապատը վերջին երկու տարիների ընթացքում բախվում են կոռուպցիոն հետաքննությունների և սկանդալների։
Տեղեկության համար հավելենք, որ անցյալ տարի կոռուպցիայի մեղադրանք էր առաջադրվել նաև Սանչեսի կնոջը։ Բեգոնյա Գոմեսի դեմ հետաքննությունը ընթանում էր երկու տարի։ Նրան մեղադրում են ազդեցության չարաշահման, կոռուպցիայի և միջոցների յուրացման մեջ։