«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում» հայտարարում են, որ էներգակիրների տարածաշրջանային արտահանումը կա՛մ հասանելի կլինի բոլորի համար, կա՛մ անհասանելի բոլորի համար
Էներգակիրների տարածաշրջանային արտահանումը կա՛մ հասանելի կլինի բոլորի համար, կա՛մ անհասանելի՝ բոլորի համար։ Այս մասին հայտարարում են «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում»։
Նրանց հայտարարության համաձայն՝ իրենք կփակեն բոլոր արտահանման միջանցքները, որոնցից օգտվում են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։
«Ռոյթերսը» գրում է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը, Իրանը, հնարավոր է, ակնարկում է եմենյան «հուսիթների» օգնությամբ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակման մասին, որը ելք է դեպի Կարմիր ծով և որով արտահանվում է Սաուդյան Արաբիայի նավթը։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը փակելու պատրաստակամության մասին «հուսիթների» ներկայացուցիչը հայտարարել էր դեռևս երկու օր առաջ։ Դրա փակման դեպքում նավթի գինը կարող է աճել մինչև 200 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
ԱՄՆ-ում հայտարարում են, որ Իրանն անցյալ շաբաթ կրակ է բացել յոթ առևտրային նավերի ուղղությամբ, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Իրանական կողմի տվյալներով՝ Իրանի ափերի երկայնքով տասնյակ թիրախներին Ամերիկայի հասցրած պատասխան հարվածներին զոհ է գնացել առնվազն 30 խաղաղ բնակիչ և յոթ զինվորական։