Իրինա Վերեշչուկը կոչ է անում Վրաստանին, Լեհաստանին և Բալթյան երկրներին օգնել Ղրիմի թաթարներին խուսափել մոբիլիզացիայից և հեշտացնել նրանց միգրացիան երրորդ երկրներ
Իրինա Վերեշչուկը կոչ է անում Վրաստանին, Լեհաստանին և Բալթյան երկրներին օգնել Ղրիմի թաթարներին խուսափել մոբիլիզացիայից և հեշտացնել նրանց միգրացիան երրորդ երկրներ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը կոչ է անում Վրաստանին, Լեհաստանին և Բալթյան երկրներին, օգնել Ղրիմի թաթարներին խուսափել մոբիլիզացիայից։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, սոցիալական ցանցում գրել է Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով, Ղրիմի օկուպացիոն իշխանությունները սկսել են անօրինական մոբիլիզացիա, և Ղրիմի թաթարների և Ղրիմի այլ բնիկ բնակչության զանգվածային մոբիլիզացիա է ընթանում՝ օկուպանտների կողմից պատերազմին մասնակցելու համար։

Վերեշչուկը նշում է, որ Ղրիմի թաթարները փորձում են մեկնել Ուկրաինայի բարեկամ երկրներ, սակայն, ըստ նրա, վերաինտեգրման նախարարությունը տեղեկություն է ստացել, որ լեհ, լատվիացի, էստոնացի, լիտվացի և վրացի սահմանապահները երբեմն մերժում են Ղրիմի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին հատել սահմանը:

«Մենք դիմում ենք Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Վրաստանի կառավարություններին՝ ուշադրություն դարձնելու այս խնդրին։ Մենք խնդրում ենք մեր բարեկամ երկրներին հեշտացնել Ղրիմի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների միգրացիան ուկրաինական Ղրիմի և Ռուսաստանի Դաշնության տարածքից երրորդ երկրներ։ Այժմ Ղրիմի բնիկ ժողովուրդների աջակցությունը միջազգային հանրությունից ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է Վերեշչուկը։