Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները սկսում են քաղաքացիների պարտադիր տարհանումը Դոնեցկի մարզից
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են քաղաքացիների պարտադիր տարհանման մասին Դոնեցկի մարզի չօկուպացված տարածքներից։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ դրա պատճառը, բացի ռուսական կողմից հաճախակի հարձակումներից, ձմեռային սեզոնի մոտենալն է, քանի որ քաղաքացիները կմնան առանց ջեռուցման։
Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Դոնեցկի մարզում գազատարներն ամբողջությամբ ավերված են, ինչի պատճառով էլ հնարավոր չի լինի ջեռուցել ոչ մի քաղաք կամ բնակավայր։ Նրա խոսքով՝ Դոնեցկի մարզում դեռ մնում է 200-220 հազար մարդ։ Նրանց թվում են երեխաներ։
Վերեշչուկն ասել է, որ խոսքը ոչ թե կամավոր, այլ պարտադիր տարհանման մասին է։ Ուկրաինայի փոխվարչապետը նշում է, որ նման միջոցառումներ նախատեսված են ուկրաինական օրենսդրությամբ։ Նրա պարզաբանմամբ՝ եթե Ուկրաինայի քաղաքացին հրաժարվում է տարհանվելուց, ապա նա պետք է ստորագրի համապատասխան դիմումը։
Ուկրաինայի իշխանություններն արդեն ստեղծել են տարհանման շտաբ, որտեղ կընդգրկվեն Ուկրաինայի այն շրջանների ղեկավարները, որտեղ նախատեսվում է ժամանակավորապես տեղափոխել Դոնեցկի մարզից տարհանված քաղաքացիներին։