Իրանում Մահսա Ամինի սպանությունը լուսաբանելու համար ԱՄՆ-ի հետ դավադրության մեղադրանքով ձերբակալված երկու լրագրողներ գրավի դիմաց ազատ են արձակվել
Իրանում Մահսա Ամինի սպանությունը լուսաբանելու համար ԱՄՆ-ի հետ դավադրության համար ձերբակալված երկու լրագրողներ ազատ են արձակվել։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նիլուֆար Համեդը և Էլաեհ Մոհամմադը 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ կարձակվեն մինչև վերաքննիչ դատարանի նիստը, բայց առանց երկրից դուրս գալու իրավունքի:
Իրանական դատարանը անցյալ տարի նրանց դատապարտել է մինչև յոթ տարվա ազատազրկման՝ ի թիվս այլ մեղադրանքների՝ ԱՄՆ կառավարության հետ համագործակցելու համար: Երկու լրագրողներն էլ 2023 թվականի մայիսին արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ազատության համաշխարհային մրցանակին։
Նշենք, որ գրավի չափը, հաշվի առնելով Իրանում միջին աշխատավարձը, կազմում է 50 տարվա աշխատավարձի չափը։
Մահսա Ամինը մահացել է բանտում 2022 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ ձերբակալվել էր «բարոյականության ոստիկանության» կողմից՝ ոչ պատշաճ հիջաբ կրելու համար։ Փաստն առաջացրել է Իրանի հասարակության վրդովմունքն ու բողոքի լայնածավալ ցույցերը։ Անկարգությունների արդյունքում զոհվել է 529 մարդ, մոտ 20 հազարը ձերբակալվել է, այդ թվում՝ մոտ 100 լրագրող։