Իրանում իրադարձությունները հնարավոր է զարգանան Սիրիայի սցենարով. Նիկի Հեյլի
Իրանում իրադարձությունները հնարավոր է զարգանան Սիրիայի սցենարով. Նիկի Հեյլի

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանում բողոքի ցույցերի հետ կապված Անվտանգության խորհրդի հանդիպման նախօրեին հայտարարել է երկրում սիրիական սցենարի զարգացման վտանգի մասին եւ կոչ է արել դա թույլ չտալ:

«Աշխարհը դարձել է Սիրիայում տեղի ունեցած սարսափների ականատեսը, որոնք սկսվեցին այն բանից, որ արյունոտ ռեժիմը մերժում էր խաղաղ բողոքելու ժողովրդի իավունքը: Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա Իրանում»,- նշված է Հեյլիի հայտարարության մեջ:

Իրանի հարցով ՄԱԿ ԱԽ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 5-ին՝ ԱՄՆ նախաձեռնությամբ:

Հեյլիի խոսքով՝ Իրանում տեղի ունեցողը շոշափում է Իրանի ժողովրդի համար արմատական հարց, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերը:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհեդը, Իսպահանը եւ Ռեշթը, դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերի պատճառը երկրի ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքի հետեւանք է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրում Թեհրանում ձերբակալվել է մոտ 450 մարդ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հարգանքն է հայտնել Իրանի ժողովրդին եւ խոստացել նրան «պատշաճ ժամանակում» աջակցություն ցուցաբերել: