Իրանն ու Օմանը վերսկսել են բանակցությունները Հորմուզի նեղուցում ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու շուրջ
Իրանն ու Օմանը վերսկսել են բանակցությունները Հորմուզի նեղուցում ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու շուրջ, որի նպատակն է վերականգնել նավերի անվտանգ տեղաշարժը ռազմավարական նեղուցում: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը համաձայնվել են նաև նեղուցի ականազերծման հարցում:
Չնայած նրան, որ ԱՄՆ-ի և Իրանիմիջև ակտիվ մարտական գործողությունները հիմնականում դադարեցված են, խաղաղության համաձայնագրի հասնելու դիվանագիտական ջանքերը հայտնվել են փակուղում, և նեղուցում տեղաշարժը դեռևս վտանգավոր է մնում:
Երեքշաբթի օրը Օմանի ափամերձ գոտում նավթատար տանկերին անհայտ արկ է դիպչել, ինչի հետևանքով նավը շարքից դուրս է եկել:
ԱՄՆ-ն ուժեղացնում է տնտեսական ճնշումը Իրանի վրա և պատժամիջոցներով սպառնում այն երկրներին, որոնք կշարունակեն առևտուրն Իրանի հետ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն սկսում է Մերձավոր Արևելքում որոշ դիվանագիտական առաքելությունների անձնակազմի վերադարձը, ինչը, մամուլի փոխանցմամբ, կարող է նշանակել, որ Վաշինգտոնը մոտ ապագայում տարածաշրջանում հակամարտության հետագա սրման ավելի ցածր ռիսկ է տեսնում: