Իրանի խորհրդարանի խոսնակ. Որքան էլ մեծ ռազմական ուժ ունենանք, եթե ժողովուրդը սոված է, չունենք ֆինանսական շրջանառություն, չենք փրկվի, անվտանգությունն ու տնտեսությունը նույն մարմնի երկու թևերն են

17:39, 21.08.2026

Ամերիկացիներն ու իսրայելցիները հասկացել են, որ չեն կարող ռազմական ճանապարհով հաղթել Իրանին և Իրաքին, այդ իսկ պատճառով նրանք ներգրավվել են ճանաչողական և տնտեսական պատերազմում, – այս մասին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը որպես օրինակ բերել է Հորմուզի նեղուցի, Պարսից ծոցի, Բաբ էլ-Մանդեբի և Սուեզի ջրանցքի աշխարհագրությունը և նշել, որ աշխարհի ծովային տրանսպորտի 75 տոկոսը մուսուլմանական երկրների ձեռքում է եղել:

«Իրանն ու Իրաքը գրեթե կես դար անցկացրել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» և «և՛ պատերազմ, և՛ խաղաղություն» վիճակում, ինչը տարածաշրջանի հնարավորությունների նկատմամբ օտարերկրյա պետությունների ագահության հետևանքն էր: Թշնամին եկել է մեր ռեսուրսներն ու հումքը թալանելու», – հայտարարել է Ղալիբաֆը:

Իրանի խորհրդարանի խոսնակը հանդես է եկել ազգային արժույթներով առևտուր անելու նախաձեռնությամբ և ասել, որ ամերիկյան տիրապետության դարաշրջանն ավարտվել է:

«Ամերիկացիներն ու իսրայելցիները հասկացել են, որ չեն կարող ռազմական ճանապարհով հաղթել Իրանին և Իրաքին, այդ պատճառով նրանք ներգրավվել են ճանաչողական և տնտեսական պատերազմում, և հիմա դուք եք այս ոլորտի զինվորներն ու հրամանատարները: Որքան էլ մեծ ռազմական ուժ ունենանք, եթե ժողովուրդը սոված է և չունենք ֆինանսական շրջանառություն, տնտեսական աճ կամ ազգային արտադրություն, մենք չենք կարող գոյատևել: Անվտանգությունն ու տնտեսությունը նույն մարմնի երկու թևերն են: Ներդրումներին անվտանգություն է անհրաժեշտ, իսկ եթե անվտանգությանը տնտեսությունը չի աջակցում, այն նույնպես կայուն չի լինի», – նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Նմանատիպ